Ազգային ժողովն այս շաբաթ երկօրյա արտահերթ նիստ անցկացրեց ու, ի թիվս այլ հարցերի, հրատապ քննարկեց «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու հարցը:
Ըստ այդմ, ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանվելու է հատուկ կենսաթոշակ` աշխատավարձի 70 տոկոսի չափով: Սակայն սա միակ «պարգևատրումը» չէ, որ նախկին նախագահներին տրվում է: Նրանք ցմահ օգտագործմամբ կունենան նաև կահավորված գրասենյակ: Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը ու դրա ֆոնին նախկին նախագահների (հիմնականում երկրորդ նախագահի) ունեցվածքի մասին տվյալները, այս օրենքը հանրության համար «կրակի» վրա յուղ լցնելու պես բան էր: Ոչ մի կերպ հասկանալի չէ նաև, թե ինչու պետք է այս հարցը արտահերթ նիստում ընդգրկվեր ու համարվեր հրատապ:
Նախագիծը, բնականաբար, ընդունվեց ձայների 97 կողմ, 2 դեմ, 10 ձեռնպահ հարաբերակցությամբ: Դեմ էին «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Ձեռնպահ քվեարկածների մեջ էին դաշնակցականները: ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ նախագծի քննարկման ժամանակ որոշակի վերապահումներ ներկայացրեց ու նաև կեսկատակ-կեսլուրջ առաջարկ ներկայացրեց: Դրանց վերաբերյալ որոշակի պարզաբանումներ խնդրեցինք պատգամավորից:
Ըստ Մինասյանի, այս օրենքը հրատապ է այնքանով, որ նախագահներին գրասենյակ տրամադրելու ժամկետը մինչ 70 տարին լրանալն է, որը հանվում է օրենքի այս փոփոխությամբ: Հիշեցնենք, որ առաջին նախագահը շուտով կհատի այդ «սահմանագիծը»: ՀՅԴ-ն համաձայն չէ օրենքով նախատեսված կենսաթոշակի տրամադրման ձևին, քանի որ այն արդեն կարգավորված է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով: «Կենսաթոշակը կորցրած եկամուտի փոխհատուցումն է: Սակայն առաջարկվում է մի լուծում, որի համաձայն պաշտոնաթող նախագահին օրենքը միանգամից ճանաչում է որպես հատուկ կենսաթոշակառու: Սա կարգավիճակ է, որը, մեր կարծիքով, ճիշտ մոտեցում չէ: Անձի իրավունքը պետք է ճանաչվի, առավել ևս նախագահի, այլ ոչ թե միանգամից կարգավիճակ շնորհվի, առանց նրա կարծիքը հաշվի առնելու»,- շեշտեց պատգամավորը` հավելելով, որ գործող օրենքն այս առումով ավելի ճիշտ էր, քանի որ պաշտոնաթող նախագահի կամահայտնությունը հաշվի էր առնվում:
«Բավական չէ, որ պաշտոնաթող նախագահին չեն հարցնում, թե ցանկանում է, որ այդ գումարը նրան վճարվի, դրվում է երկրորդ պահանջը: Նրան կարող են զրկել այդ թոշակից, եթե վարձատրությամբ այլ տեղ աշխատում է»,- փաստեց ՀՅԴ խմբակցության անդամը` նշելով օրենքի առնչությամբ իրենց հաջորդ առարկությունը: Եթե տրվող կենսաթոշակը կապվում է նախագահի կարգավիճակի հետ, Մինասյանի դիտարկմամբ, դա ավելի շատ «ստատուսային կամ պատվովճար» է, քան կենսաթոշակ: Իսկ նախագահն անկախ իր տարիքից այդ վճարն ստանում է:
Արծվիկ Մինասյանը համամիտ չէ այն պատգամավորներին, թե սոցիալական այս պայմաններում նման օրենքի ընդունումն ավելորդ է, չի կարծում նաև, թե սա բյուջերի համար լրացուցիչ բեռ է լինելու: «Սա կապել անապահով ընտանիքների կամ աղքատության մակարդակի հետ ճիշտ չէ: Մենք խոսում ենք ինստիտուտի, ոչ թե նախագահների անձերի մասին: Նախագահի ինստիտուտը, որպես բարձրագույն մարմին, պետք է հարգվի, պաշտպանվի և երաշխավորվի օրենքով»,- ընդգծեց պատգամավորը` նկատելով, որ օրենքի հիմնական խնդիրն ազատ կամահայտնության բացառումն է: Օրինակ, եթե պաշտոնաթող նախագահը որոշում է, որ այդ գումարը պետք է ուղղի ինչ-որ կոնկրետ ծրագրի, պետք է, Մինասյանի հավաստմամբ, օրենքը դրա իրավունքը նրան տա, ոչ թե «կոշտ, կոպիտ պարտադրանքի» մեխանիզմ գործի:
Օրենքի քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանը կեսկատակ-կեսլուրջ, բայց բավականին ուշագրավ առաջարկ ներկայացրեց հեղինակին` կառավարությանը: Նախագահների բնակարանները պետք է լինեն միևնույն տարածքում, որպեսզի նրանք սուրճի, թեյի սեղանի շուրջ կամ շախմատ խաղալիս կարողանան հաղթահարել միմյանց հանդեպ եղած ատելությունը: «Պետականության տեսակետից կարևոր նախապայմաններից մեկը նախկին նախագահների համատեղ քննարկումներն են, շփումների ապահովումը, որը թույլ կտա երկրում ձևավորել թե միասնականության մթնոլորտ, թե զարգացում ապահովել: Իմ տեսակետը, թե նախագահներին պետք է նույն տարածքում բնակարաններ հատկացնել, ամենևին նպատակ չի հետապնդում որևէ մեկի արժանապատվությունը նսեմացնել: Ավելին, կա խոր հարգանք նախագահների անձերի նկատմամբ»,- ասաց պատգամավորը` մանրամասնելով, թե ինչ նկատի ուներ իրականում: «Այն, որ ձևավորվի միասնականության մթնոլորտ: Եթե մենք խոսում ենք հասարակության մեջ եղած ագրեսիայից, դրա զգալի մասը պայմանավորված է նախագահների տարբեր կարծիքների հրապարակմամբ: Զորօրինակ, առաջին նախագահի բավականին կոշտ, կոպիտ որակումները երկրորդ և երրորդ նախագահների հասցեին: Եթե մեզ իսկապես հաջողվի հաղթահարել այս վիճակը, ու մեր պետության նախագահները կարողանան հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում քննարկել երկրի վաղվա օրվա հարցերը (ինչու չէ` սուրճի, շախմատի սեղանի շուրջը կամ որևէ այլ սպորտաձևի շրջանակում), կարծում եմ, դրանից կշահեն բոլորը»,- վստահեցրեց ՀՅԴ խմբակցության անդամը:
Համաձայնելով, որ իր առաջարկը գուցե և խիստ իդեալիստական է, Արծվիկ Մինասյանը մեկ այլ «լավատեսական» սցենար տվեց օրենքի հեղինակներին: Գուցե արժե գոնե գրասենյակները նույն վայրում հատկացնել: «Ի վերջո, եթե հարևաններ լինեն, գուցե այդ շփումն ավելի հեշտ ապահովվի»,- եզրահանգեց պատգամավորը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ